Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԲԱՆԿԵՐԻՆ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԷԻՆ, ԱՅՆ ԷԼ ԿՕԳՆԻ ՆՐԱՆՑ

ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԲԱՆԿԵՐԻՆ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԷԻՆ, ԱՅՆ ԷԼ ԿՕԳՆԻ ՆՐԱՆՑ
18.12.2009 | 00:00

Տնտեսական ճգնաժամն իր բացասական ազդեցությունն ունեցավ բոլոր ոլորտներում, իսկ բանկային համակարգը բացառություն չէր կարող լինել։ Ինչպե՞ս ազդեց այն ընդհանուր բանկային ոլորտի և, մասնավորապես, «Անելիքբանկի» վրա, և եթե խնդիրներ են առաջացել, ինչպե՞ս են դրանք հաղթահարելու։ Այս հարցերի շուրջ զրուցում ենք «Անելիքբանկի» ղեկավար ՍԱՄՎԵԼ ՃԶՄԱՉՅԱՆԻ հետ։
-Միանշանակ է, որ «հզոր և անդուր» ճգնաժամն իր բացասական ազդեցությունն ունեցավ բանկային համակարգի վրա,- ասաց նա։- Այն չէր կարող ազդեցություն չունենալ, քանի որ բանկային համակարգն առանց զարգացած տնտեսության ոչ մեկին պետք չէ։ Մեր համակարգում ամենակարևոր գործոններից են վճարունակ հաճախորդները, որոնք կկարողանան իրենց պարտավորությունը կատարել բանկի առջև։ Բնականաբար, ճգնաժամի պայմաններում վճարունակությունը նվազում է։ Սա բնորոշ է ոչ միայն բանկային, այլև բոլոր ոլորտներին։ 2008-ի վերջին բանկերն ունեցան դժվարություններ, որոնք չհասցրին էապես տատանել բանկային համակարգի ձեռքբերումներն ամբողջ տարվա կտրվածքով, սակայն 2009-ը կամփոփենք ավելի համեստ ցուցանիշներով, իսկ հաջորդ փուլում իրավիճակը կարող է փոխվել։
-Այսինքն, այդ փոփոխությունը կլինի 2010-ին կանխատեսվող տնտեսական աճի հաշվի՞ն:
-Միշտ եղել եմ և մնում եմ լավատես, սակայն այժմ մի փոքր վատատեսական կանխատեսում պետք է անեմ. հունվարից մինչև մայիս ընկած ժամանակահատվածը ճգնաժամի ամենածանր փուլը կարող է լինել։ Դուք գիտեք, որ առանց դրա էլ այդ ժամանակահատվածում, սեզոնային խնդրով պայմանավորված, նվազում են շինաշխատանքները, բնակչության վարկունակությունը, ինչն էլ կարող է կրկին նվազեցնել որոշ հիմնարկ-ձեռնարկությունների վարկունակությունը։ Սակայն բանկային համակարգում կայուն ցուցանիշների աճ կարձանագրվի տարեվերջին, և դա իրականություն կդառնա բանկերի իրացնելիության (լիկվիդայնության) հաշվին։ Մի գործոն, որի համար մեզ միշտ անարդարացիորեն քննադատում էին, ասելով` «փողերը դրել են տակները, նստել»։ Չեմ պատկերացնում, որ կարող է լինել որևէ բանկ կամ բանկի նախագահ, որ նման քաղաքականություն իրականացնի։ Բանկերի ղեկավարները վարկը տրամադրելուց առաջ մտածում են նաև վարկառուի հնարավորությունների մասին` վարկը վերադարձնելու առումով։ Բանկերի մեծ մասը, այդ թվում` «Անելիքբանկը», աշխատում են միջազգային չափանիշներով, և առաջին հերթին ստուգվում է վարկառուի անցած տարիների եկամտաբերությունը։ Միշտ ասել ու ասում եմ, որ բանկերը գործ ունեն ուրիշի փողերի հետ և ընդամենը 15-20 տոկոսն է ներդրողներինը, իսկ մնացած գումարները ներգրավված են, և բանկն իր հույսը չպետք է դնի «կարողաների» վրա։ Մենք այսքան մանրակրկիտորեն ուսումնասիրում ենք վարկառուի հնարավորությունները, բայց և այնպես բանկերում վարկերի չվերադարձնելիությունը 8-14 տոկոս է։ Սակայն իրացնելիությունը միանշանակ կծածկի այդ բացը։ Եթե այդքան զգուշավոր չլինենք, ավելի մեծ խնդիրներ կունենանք։ Տա Աստված, որ 2010-ին այնպիսի զարգացած տնտեսություն ունենանք, որ վարկառուների 90 տոկոսը վճարունակ լինի։
-Ի՞նչ եք կարծում, ՌԴ-ի վարկային միջոցներից հիպոթեքային վարկավորման համար բանկերին տրամադրվող գումարի չափը բավարա՞ր է հիպոթեքային շուկան խթանելու համար։
-Այդ վարկային միջոցները մեզ շատ անհրաժեշտ էին և շատ օգնեցին։ Լիովին արդարացի է կառավարության և ԿԲ-ի իրականացրած քաղաքականությունը, որը ենթադրում է ՌԴ-ի վարկերի մի մասի վարկավորումը բանկերի միջոցով: Ավելին ասեմ` գումարների 95 տոկոսը բանկերի միջոցով պետք է վարկավորեին։ Երբ բանկին ես տալիս այդ գումարը, վստահությունը վերադարձնելիության հարցում շատ մեծ է։
-Տնտեսությունը և բանկային համակարգը միահյուսված են։ Այդ առումով բանկային համակարգը, մասնավորապես «Անելիքբանկը», այս ժամանակահատվածում տնտեսությունը խթանելու համար ինչպիսի՞ քաղաքականություն է վարել։
-Բանկային համակարգը տնտեսության ածանցյալն է։ Այս համոզմունքին իմ որոշ գործընկերներ համամիտ չեն։ Ես արդեն նշեցի, որ տնտեսությունն առանց բանկի և բանկն առանց տնտեսության չեն կարող զարգանալ։ Ինձ անհասկանալի են այն պնդումները, թե բանկերը չեն վարկավորում տնտեսությունը։ Նման բան հնարավոր չէ։ Այդ դեպքում ինչի՞ հաշվին է փող աշխատելու բանկը։ Օրինակ, «Անելիքբանկը» չի կարող փող աշխատել միայն «Անելիք» համակարգով փոխանցումների հաշվին։ Այն էլ այն դեպքում, երբ, ընդհանուր առմամբ, փոխանցումները Հայաստանում նվազել են 40-45 տոկոսով։ Ամենամեծ եկամտաբերությունը վարկավորումն է, և այժմ Հայաստանում բանկերի միջև մեծ մրցակցություն կա այդ հարցում։ Բայց պետք է վարկառուները շատ լինեն։ Ցավոք, նրանց թիվը, հատկապես ճգնաժամի պայմաններում, քչացել է։ Կենտրոնական բանկը դիմեց աննախադեպ քայլի` թույլ տալով բանկերին կատարելու վարկային պայմանների փոփոխություն, մասնավորապես, վարկային պարտավորություններում ժամկետների փոփոխություններ և տեղաշարժեր:
-Որքանո՞վ է պետության քաղաքականությունը նպաստում բանկային համակարգի զարգացմանը։ Վերջերս շատ է խոսվում, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախկինում ղեկավարելով պետական դրամատունը, այժմ առանձնակի մոտեցում է ցուցաբերում բանկերի նկատմամբ։ Նկատի ունեն, որ ավելի շատ բան է արվում բանկային համակարգի զարգացման, քան այլ ոլորտների համար։
-Ամենևին համամիտ չեմ այդ տեսակետին։ Տիգրան Սարգսյանին ճանաչում եմ շատ վաղուց։ ՈՒղղակի տպավորությունն է այդպիսին։ Պետք է ընդգծեմ, որ ԿԲ-ի նախագահ եղած ժամանակ ինչ հարցեր էլ մենք քննարկեինք, առաջնայինը նրա համար տնտեսությունն էր։ Իհարկե, մենք ուզում էինք խելամիտ չափերի մեջ, որքան հնարավոր է, բանկային արտոնություններ ձեռք բերել, սակայն նա միշտ մեզ ուղղում էր և հարցնում` իսկ տնտեսության վրա ձեր առաջարկն ի՞նչ ազդեցություն կունենա։ Այժմ, լինելով վարչապետ, նա երբեք բանկային համակարգն առաջնային չի համարում։ Այլ բան է, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ բանկը հարուստ լինի, տնտեսությունը` ոչ, և հակառակը։ Այնպես որ, Տիգրան Սարգսյանը, որպես կառավարության ղեկավար, առավել քան մտահոգված է մեր երկրի տնտեսության զարգացմամբ։ Հաճոյախոսություն չեմ անում, փաստն եմ արձանագրում։ Նա պետական դեմք է, պետական մտածողություն ունի և չի կարող մտածել միայն կոմերցիոն բանկերի մասին։ Նրանից պահանջում են ոչ միայն բանկերի, այլև տնտեսության զարգացումն ապահովել։
-Մի ժամանակ ասում էին, որ դրամի արժևորումը բխում է սղաճի կանխման անհրաժեշտությունից, իսկ այժմ հակառակ պնդումներ են հնչում։ Շուրջ երկու ամիս է` դոլարի գինը դրամի համեմատ աճում է։ Ինչո՞վ է սա պայմանավորված։
-Երբ դոլարի փոխարժեքը 300 դրամ էր, կարծում էի, որ դրամը կարելի էր պահել ինչ-որ ձևով, ինչը հնարավոր չեղավ, որովհետև այդ ժամանակահատվածում դոլարն ամբողջ աշխարհում արժևորվում էր, և դեմ գնալ միջազգային տնտեսական հանրությանը, հնարավոր չէր։ Այս պահի դրությամբ աշխարհում դոլարն արժեզրկվում է։ Բնականաբար, ՀՀ-ում չի կարող արժևորվել։ Դոլարային հոսքերը նվազել են և հասել իրենց նորմային` 370-380 դրամի։
-Բայց վերջին ամսում դոլարի գինը բարձրանում է։
-Սակայն երկու օր է` նկատվում է դոլարի գնի որոշակի նվազում։
-Դա սեզոնայնությամբ է պայմանավորված։
-Համաձայն եմ։ Հունվարին կարող է մի փոքր փոխարժեքը բարձրանալ։ Սակայն խնդիրն ավելի խորքային է։ ՀՀ-ի տնտեսությունն այնքան փոքր է, որ եթե մի խոշոր հիմնարկի սեփականատեր արտարժույթ է գնում փոխարժեքի կետերից, միանգամից դա ազդեցություն է ունենում շուկայի վրա։ Դրամ-դոլար ձեռք բերելու գործընթացը պետք է իրականացվի միմիայն բանկերի միջոցով։ Մասնավոր «չենջերի» գործունեությունը, թեկուզ ժամանակավորապես, պետք է կտրուկ սահմանափակվի։ Երկու-երեք «չենջ» իրար հետ պայմանավորվում են, ի հայտ է գալիս մի անբարեխիղճ հաճախորդ ևս, ու փոխարժեքի գինը կտրուկ բարձրանում է։ Սա տգեղ երևույթ է, բայց, ցավոք, իրականություն։ Գուցե շատերը չհամաձայնեն ինձ հետ, ասելով, թե խախտվում է սեփականության մասին օրենքը, քանի որ ինչպես բանկերը, այնպես էլ «չենջերը» մասնավոր են։ Այդ դեպքում ճիշտ կլիներ հավասարեցնել նաև ԿԲ-ի վերահսկողության աստիճանը։
-Վեց ամիս առաջ «Անելիքբանկը» 9 մլրդ դրամով (30 մլն դոլար) իր բաժնետոմսերի 51 տոկոսը վաճառեց լիբանանյան «Կրեդիտ» բանկին։ Ի՞նչ ազդեցություն ունեցավ այն բանկի քաղաքականության վրա։
-Դա շատ լավ գործարք էր, քանի որ, ի դեմս այդ բանկի ղեկավարների, ձեռք բերեցինք համախոհների։ Մեզ համար շատ մեծ նշանակություն ունի մարդկային գործոնը, ինչպես ասում են, «իրար բռնեցինք»։ Քրիստոնյա բեյրութցու մտածողությունը քիչ է տարբերվում հայի մտածողությունից։
Իսկ «Անելիքբանկի» քաղաքականության մեջ առանձնակի մեծ փոփոխություն չեղավ` «Անելիք» բրենդը ճանաչված է։ Սա շատ լավ խթան էր վարկային պորտֆելը մեծացնելու, վարկային ծրագրերն ընդլայնելու համար։ Տարվա սկզբի համեմատ մեր վարկային ներդրումները 5 մլրդ դրամով ավելացել են, իսկ մինչև տարեվերջ ևս մի քանի միլիարդով կավելանան։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1273

Մեկնաբանություններ